Բայց ի՞նչ պետք է անել հիմա…

Փաստորեն քաղաքական օպոզիցիայի մի մասը գնաց իշխանության կողքը կանգնեց, և քաղաքական դաշտը, իրոք, բավականին պղտորվել է: Բայց, այսպես, թե այնպես, կա օպոզիցիա. դա նրանք են, ովքեր իշխանության կողքին չեն: Եվ ես համարում եմ, որ երկրի անվտանգության համար պարտադիր է լուրջ օպոզիցիան, պարտադիր է այն դեպքերի համար, երբ երկրում կրիզիս կսկսվի՝ արտաքին, զուտ Ղարաբաղի հետ կապված: Հնարավոր է՝ գա մի ժամանակ, երբ իշխանությունը չկարողանա կառավարել երկիրը: Այդ դեպքի համար պատրաստ ինչ-որ քաղաքական կառույց է պետք, քաղաքական կոալիցիա կամ պատրաստի մի մարմին, որը կարող է իր վրա վերցնել երկրի քաղաքական կառավարումը: Հիմա դժվար է ասել այժմյան կուսակցություններում, որոնք իրար այդքան էլ չեն վստահում, ինչպես կստացվի: Իհարկե, ինձ կուսակցությունների մեծ մասն ասում է. ես էլ իրենց չեմ վստահում (ու, համարյա, ոչ մեկին չեմ վստահում), բայց այդ անվստահությունից անցնելու համար մի շատ կարևոր, շատ հստակ մեխանիզմ կա. պետք է ժողովրդի առաջ պարտավորություն վերցնեն կուսակցությունները կամ անհատները: Այսինքն՝ ստեղծեն մի ստվերային կաբինետ, գնան պառլամենտական ընտրությունների. նախագահականը կլինի չորս տարի հետո, շատ լավ, կնշանակի՝ նորմալ երկիրը նորմալ ճանապարհով է գնում: Արտահե՞րթ կլինի, ավելի վատ: Բայց պետք է պատրաստել մի կաբինետ, ուր կմիավորվեն չորս-հինգ հզոր կուսակցություններ և փոքր կուսակցություններ, մարդիկ, ովքեր ընտրություններին մասնակցել են ու ժողովրդի մեջ ունեն իրենց ռեյտինգը: Ըստ այդմ՝ երկրի առաջին հինգ կամ տաս պաշտոնները անկեղծորեն բաժանել իրար միջև և ասել, որ սա, օրինակ, կաբինետն է, սա ներքին գործերի նախագահն է, սա դատախազն է, այստեղ են պառլամենտի նախագահը, պրեզիդենտը, փոխպրեզիդենտը թեկուզ, կարելի է փոփոխություն մտցնել, և այս պարտավորություններով ժողովրդի առաջ պատրաստ լինել և՛ պառլամենտական, և՛ նախագահական ընտրություններին: Բայց դա այս ընթացքում՝ երկրի այս վիճակում, պիտի պատրաստ լինի, որովհետև կգա մի վիճակ, երբ անկառավարելի վիճակ կլինի երկրում (Աստված չանի, որ այդպես լինի), երբ ամեն մի կուսակցություն կցանկանա՝ ինքը փախցնի իշխանությունը: Այնտեղ մի կուսակցություն չի լինի, այլ մի քանիսը, և կսկսվի կռիվը երկրի ներսում: Վերահսկողությունից դուրս ամեն մի գնդապետ կամ տասնյակ գնդապետներ կսկսեն կուսակցական գրասենյակներում ման գալ՝ հովանավոր-քաղաքական.. Աստված դրանից ազատի: 

Իսկ դա հնարավոր է, հենց դրա համար էլ պետք է քաղաքական մի մարմին, մի հեղինակավոր ուժ ստեղծել հիմա: Չի՛ լինի, այնուամենայնիվ, վերջին անհատի վրա հույսը դնել՝ լինի Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Սիրադեղյանը… պետք չէ այլ անուններ ևս թվարկել, նշել նախկին նախագահներին: Հայաստանի նման փոքր երկրում մեծ տերությունների շահերի այս թատերաբեմում, մեծ տերությունների, գաղտնի ծառայությունների ձեռքը քրքրված Հայաստանում մի քաղաքական դեմքը միշտ էլ կարող է պարտվել, կարող է խեղդել: Այդ պատճառով կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես ‹‹Ղարաբաղ›› կոմիտեի դեպքում էր: Երբ ‹‹Ղարաբաղ›› կոմիտեն Իգորն էր միայն ղեկավարում, ինտեգրացման ծրագրով ժողովրդին տուն էր ուղարկում, դրա համար էլ մենք նրան հանեցինք ‹‹Ղարաբաղ›› կոմիտեից: Երբ 400.000 միլիոնը Մոսկվայից գնում էր իբր  Ադրբեջան-Հայաստան-Ղարաբաղ ինտեգրացիային՝ իբրև տնտեսական երևույթ, նա համաձայնվել էր և ժողովրդին արդեն տուն էր ուղարկում. ժողովուրդը, իհարկե, չէր ուզում գնալ: Այ մի անհատի խոցելիությամբ փոքր պետության քաղաքական դաշտում, կրկնում եմ՝ մեծ տերությունների շահերի խաչմերուկում, այդ հզոր գաղտնի ծառայությունների անպատժելի գործունեության պայմաններում, այս վերջին տասը տարում, փաստորեն, ասպատակել են Հայաստանին, կառավարման մարմիններ են թափանցվել, և մենք էլ քաղաքական կազմակերպությունների մեջ ենք: Բնական է, որ այդպես պիտի լիներ: Բայց այդ պայմաններում մի անհատը միշտ էլ խոցելի է Հայաստանի համար, կազմակերպությունների կամ անհատների մի միություն է պետք, որը երաշխիք կլինի կրիզիսային վիճակերի համար: 

Կա իշխանություն, որը կառավարում է: Կլինի մի ստվերային իշխանություն ևս, որը կփոխարինի դրան: Սա պարտադիր պայման է: Սա Ազգային անվտանգության առաջին պայմաններից մեկն է, և ինձ թվում է, որ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները նեղսրտությունից, ամբիցիաներից, որը քաղաքական գործչի հատկանիշ չէ, պետք է փորձեն վեր կանգնել: Ընդ որում՝ սա իշխանամոլության հարց չէ, սա իշխանատենչության հարց չէ: Ես, օրինակ, պատրաստ եմ հիմա դարձյալ համախմբության շրջանակների մեջ մտնել՝ ինչպես այն ժամանակ՝ 88 թվականներին: Ես ի՞նչ գործ ունեի, օրինակ, ինձ անծանոթ մարդկանց հետ գնալ ‹‹Ղարաբաղ››  կոմիտեի մեջ մտնել: Ես ինչու՞ պիտի ծանոթ լինեի Աշոտ Մարությանի հետ կամ Բաբկեն Արաքսյանի, ով դասախոսում էր. նա իր շրջապատն ուներ: Գրեթե մարդու չէի ճանաչում ես այդ կոմիտեից: Բայց փլուզվում էր սովետական երկիրը: Գնացինք, միավորվեցինք, որ Հայաստանին հանենք այդ փլուզման տակից:  

Հատված Վանո Սիրադեղյանի «Մարդու ժամանակը» հաղորդաշարից, 1998թ.

Վերև